Շարժունակությունը որպես բազմազանության ուղի թվային դարաշրջանում․ ՀԱՊՀ պատվիրակության այցը Բուլղարիայի Ռուսեի համալսարան

Թվով 9-րդ Էրազմուս+ Միջազգային շաբաթին, որն անցկացվել է Բուլղարիայի Ռուսե քաղաքի «Անգել Կանչև» պետական համալսարանում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությունից բացի, մասնակցել են 16 երկրների 27 համալսարանների ներկայացուցիչներ՝ Չինաստանից, Նեպալից, Մալազիայից, Եգիպտոսից, Մոլդովայից, Վրաստանից, Ռումինիայից, Լեհաստանից և այլ երկրներից։

ՀԱՊՀ հիմնադրամի պատվիրակությունը, Դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժնի պետ Անի Մամիկոնյանը և Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Արթուր Կոստանդյանը ծանոթացել են համալսարանի նորարարական կենտրոններին, լաբորատորիաներին, անցկացրել քննարկում «Անգել Կանչևի» Տնտեսագիտություն և կառավարում ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պավել Վիտլիեմովի հետ։ Վերջինիս ու նրա գործընկերներ Լյուդմիլա Միխայելովայի ու Էմիլ Պապազովի հետ դիմելով Էրազմուս+ 171 փոխանակման ծրագրին, ՀԱՊՀ հիմնադրամն ստացել է 94 միավոր, ինչը համարվում է բարձր արդյունք։

Անի Մամիկոնյան. ««Անգել Կանչև» համալսարանում մեր մասնակցությունն Էրազմուս+ միջազգային շաբաթին հնարավորություն տվեց ոչ միայն ամրապնդելու մեր կապերը նոր  գործընկերների հետ, այլև ձևավորելու նոր հարթակներ գիտակրթական փոխանակման ու համատեղ նախագծերի համար։ Կարևոր եմ համարում, որ մեր նախորդ ծրագրային փորձերը, թեև արդյունք չեն տվել, բայց հիմք հանդիսացան հետագա ավելի ամուր համագործակցության։ Այս շարժունությունը փաստեց, որ յուրաքանչյուր փորձ հաջողության ճանապարհի մի մասն է։ Մենք արժեքավոր կապեր հաստատեցինք բազմաթիվ երկրների բուհերի ներկայացուցիչների հետ, ինչը վստահ եմ՝ շուտով վերածվելու է կոնկրետ արդյունքի։ Այդ բուհերի թվում են Ռ  Շանհայի տեխնոլոգիական համասարանները»:

Արթուր Կոստանդյանը հանդես է եկել արդիական թեմաներով մի քանի դասախոսությամբ.

  • Կանաչ տեխնոլոգիաների ներդրում և ռեսուրսների արդյունավետ կառավարում տեքստիլ արդյունաբերության մեջ,
  • Տեքստիլ արդյունաբերության զարգացում՝ կանաչ տեխնոլոգիաների և կայուն ռեսուրսների կիրառմամբ,
  • Կանաչ բիզնես մոդելների կիրառման նպատակահարմարությունը տեքստիլ արդյունաբերության մեջ՝ կայուն զարգացման և շրջակա միջավայրի պահպանության համատեքստում,
  • Կառավարումը և առաջնորդումը որպես ռազմավարական գործիքներ արդյունավետության և մրցունակության ապահովման գործում:

Սեպտեմբերից Պոլիտեխնիկի երկու ուսանող կմասնակցի «Անգել Կանչևի»  փոխանակման ծրագրին։