Մեր մասին
Առաքելությունը
Մինչբուհական, բուհական և հետբուհական, ինչպես նաև շարունակական կրթության ծրագրերով ուսումնական ծառայությունների մատուցումը և գիտական ծրագրերի իրականացումը` տարածաշրջանի տնտեսության և հասարակության կրթական ու տեխնոլոգիական կարիքները բավարարելու նպատակով: Տարածաշրջանի գիտատեխնիկական ներուժի զարգացմանը, արդյունաբերական ու տեղեկատվական ենթակառուցվածքների ան միջավայրում արդյունավետ գործելու համար դպրոցականներին և ուսանողներին կյանքին, կարիերայի ընտրությանը, մասնագիտական կողմնորոշմանն ու առաջընթացին նախապատրաստելը: Գյումրիում հիմնադրվող Տեխնոպարկի կայացման հիմնախնդիրների լուծմանը օժանդակելը և մասնակցությունը, նրա համար որակյալ, արդի գիտական և տեխնոլոգիական գիտելիքներով զինված, ակտիվ և ստեղծագործող, նորարարական մտածողությամբ օժտված աշխատակազմի ձևավորմանը նպաստելը:
Մեր մասին
ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Գյումրու մասնաճյուղը իրավահաջորդն է Երևանի Կ.Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղի, որը ստեղծվել է 1959 թվականին:
Ստեղծման օրվանից մինչ օրս այն Շիրակի տարածաշրջանում տեխնիկական կրթություն իրականացնող միակ բուհն է, որն իր էական և պատմական ազդեցությունն է թողել տարածաշրջանի տեխնիկական մտքի ձևավորման, արդյունաբերության սպասարկման և տարածաշրջանի ղեկավար կադրերի պատրաստման գործում:
Իր 53-ամյա գոյության ընթացքում Մասնաճյուղը պատրաստել է շուրջ 10 հազար ճարտարագիտական կադրեր մոտ երկու տասնյակ մասնագիտությունների գծով: Մասնագիտությունների ցանկն այդ տարիների ընթացքում մշտապես ենթարկվել է փոփոխությունների՝ կախված տարածաշրջանի զարգացման և աշխատաշուկայի պահանջների փոփոխությունից:
Դրա հետ մեկտեղ անընդհատ փոփոխությունների են ենթարկվել կրթակարգը, ուսումնական ծրագրերը, դասավանդվող առարկայացանկը, ուսումնական գործընթացի կազմակերպման գիտամեթոդական հիմքերը, որոնք մշտապես համապատասխանեցվել են Համալսարանի Երևանյան կրթահամալիրի կողմից դրված չափանիշներին: Որոշ՝ Երևանի կրթահամալիրում չկրկնվող, մասնագիտությունների գծով (տեքստիլ և թեթև արդյունաբերության ոլորտ) մասնաճյուղը հանդիսացել է հանրապետությունում առաջնեկը՝ դառնալով կրթական չափորոշիչներ մշակող և իրականացնող միակ բուհը:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում, պայմանավորված աղետի գոտում ստեղծված սկզբունքորեն նոր սոցիալական և տնտեսական իրավիճակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախացման արդյունքում ստեղծված նոր քաղաքական-հասարակական միջավայրով, էապես փոփոխվել է մասնաճյուղի դերակատարությունը տարածաշրջանում: Ժամանակի նոր մարտահրավերներին մասնաճյուղը արձագանքել է կրթական ծրագրերի բազմազանեցմամբ և արդիականացմամբ: Մասնավորապես կազմակերպվել է ուսուցում մինչբուհական կրթական ծրագրերով՝ ավագ դպրոց, միջին մասնագիտական ուսուցում: Այժմ մասնաճյուղում իրականացվում են բոլոր կրթական ծրագրերը՝ ավագ դպրոցի, միջին մասնագետի, բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի, որը հնարավորություն է ստեղծում ապահովելու կրթության շարունակականությունը, ցանկացած կրթական ծրագրով շրջանավարտությունը և հետագայում ցանկացած կրթական ծրագրից առավել բարձրի անցումը: Տարածաշրջանում այժմ առաջացել է կրթական և գիտական ծառայությունների նոր շուկա: Եթե նախկինում Գյումրիում գործում էր պետական բուհ և մեկ մասնաճյուղ, ապա ներկայումս քաղաքում գործում է մեկ պետական բուհ, երևանյան 5 բուհերի մասնաճյուղեր, ոչ պետական 6 բուհեր: Քաղաքում առկա բնակչության վերջին տասնամյակում շարունակական նվազման պայմաններում այս հանգամանքը բուհերի միջև առաջացրելէ կոշտ մրցակցություն, որը դրսևորվում է նրանց գործունեության մեջ առևտրային ձեռնարկություններին բնորոշ հատկանիշներով: Ստեղծված պայմաններում Մասնաճյուղն իրականացնում է էական և սկզբունքային բարեփոխումներ, որոնք կապահովեն տարածաշրջանային զարգացումներին ադեկվատ արձագանքումով մատուցվող գիտակրթական ծառայությունների երաշխավորված բարձր որակ, ուսանողական կյանքի և առօրյայի կազմակերպման համալսարանական միջավայր, Մասնաճյուղի աշխատակիցների սոցիալական կարիքների հոգածության և միևնույն ժամանակ մասնաճյուղի ենթակառուցվածքների, ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածության բարելավման կայուն ֆինանսական ապահովվածության երաշխիքներ՝ կիրառելով նոր տնտեսական մոտեցումներ: