Mini- Industry in T&A ծրագրի մեկնարկային աշխատաժողով

Մայիսի 10-ին ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ Mini-Industry in T&A ծրագրի մեկնարկային աշխատաժողովը, որին մասնակցում էին Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լ․ Սանոյանը, Իտալիայի պատվավոր հյուպատոս Մասիմիլիանո Ֆլորիանին, Լենտեքս ՍՊԸ տնօրեն Կ․ Գոմցյանը, այլ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեքստիլ ոլորտի մասնագետներ, ԼՂ-ից տեղահանված կանայք և ծրագրով հետաքրքրվածները։

«Mini-Industry in T&A» ծրագիրն իրականացվում է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի և միջազգային «Helvetas Swiss Intercooperation» կազմակերպությունից ֆինանսավորվող RECONOMY ծրագրի աջակցությամբ:

Ողջույնի խոսքով հանդես եկան Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լ․ Սանոյանը և Լենտեքս ՍՊԸ տնօրեն Կ․ Գոմցյանը։

Տնօրեն Ա․ Կոստանդյանը ներկայացրեց, որ ծրագիրն իրականացվում է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի հետ համատեղ, քանի որ մասնաճյուղը միակ բուհն է ՀՀ-ում, որը թողարկում է որակավորված մասնագետներ տեքստիլ արդյունաբերության ոլորտում։

Ա․ Կոստանդյանն իր ելույթում նշեց, որ այս տարի, որոշակի դադարից հետո, կազմակերպվելու է ընդունելություն հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով «Տեքստիլ և թեթև արդյունաբերության նյութերի և արտադրանքի տեխնոլոգիա» մասնագիտությամբ։

Աշխատաժողովի ժամանակ ՀԱՊՀ Դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժնի պետ Ա․ Մամիկոնյանը ներկայացրեց «Mini-Industry in T&A» ծրագիրը, որը միտված է տեքստիլ և հագուստի արդյունաբերության ոլորտում հիմնելու փոքր արդյունաբերություն` օգտագործելով կանաչ արդյունաբերության, կանաչ և էկո միջավայրի պահպանման գաղափարը:

Ա․ Մամիկոնյանը նշեց, որ ծրագիրը նախատեսում է տեքստիլ և թվային ոլորտի գիտելիքներով զինել Գյումրիում ԼՂ-ից տեղահանվածներին, ծրագրով հետաքրքրված գործազուրկ և հաշմանդամություն ունեցող կանանց ու երիտասարդներին:

ՀԱՊՀ ԳՄ դրամաշնորհների և մինչբուհական կրթության համակարգող Ն․ Մանասյանը աշխատաժողովի մասնակիցների հետ, նախապես մշակված հարցաշարի օգնությամբ, կատարեց Տեքստիլ և հագուստի արդյունաբերության ոլորտում անթափոն արտադրության և «կանաչ» տեխնոլոգիաների կիրառման կարիքների գնահատում։

Աշխատաժողովի շրջանակներում․

  • Մասնաճյուղի Կարի լաբորատորիայում ԼՂ-ից տեղահանվածների, համայնքի գործազուրկ և հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների մասնակցությամբ անցկացվեց կարի և ասեղնագործության վարպետաց դաս։

  • Տեքստիլ արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների և մասնաճյուղի ուսումնամեթոդական բաժնի աշխատակիցների հետ տեղի ունեցավ «Տեքստիլ և թեթև արդյունաբերության նյութերի և արտադրանքների տեխնոլոգիա» մասնագիտության և «Mini-Industry in T&A» ծրագրի դասընթացներկ ուսումնական պլանների քննարկում։

Աշխատաժողովի նպատակներից էր բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը, մեկտեղել հետաքրքրված անձանց և ներկայացնել ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի և RECONOMY-ի համագործակցության արդյունքում մեկնարկվող «Mini-Industry in T&A» ծրագիրը: