Ուսանողության միջազգային օր Գյումրիում

Ուսանողության միջազգային օրվան ընդառաջ` Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ Շիրակի մարզպետարանի, Գյումրու համայնքապետարանի և «Վորլդ Վիժն Հայաստան»-ի հետ, 2017թ. նոյեմբերին 16-ին իրականացրեց «Էդուֆեսթ Գյումրի» միջոցառումը: Միջոցառման նպատակն էր աջակցել պատանիների ու երիտասարդների տեղեկացվածության բարձրացմանը Հայաստանում ու արտերկրում կրթական հնարավորությունների մասին, ինչպես նաև նպաստել վերջիններիս մասնագիտական կողմնորոշմանը: Էդուֆեսթի առաջին հատվածում «Գյումրու Երիտասարդական պալատ»-ում տեղի ունեցավ Շիրակի մարզի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների լավագույն ուսանողներին պատվոգրերի հանձման արարողությունը: Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու Մասնաճյուղից լավագույն ուսանող կոչմանը արժանացավ Համակարգչային Գեղարվեստական Նախագծում մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհի Աշխեն Մելիքյանը: Միջոցառման երկրորդ հատվածում «Գյումրու Հայորդաց տանը» տեղի ունեցավ Շիրակի մարզի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերի էքսպո, որը ուղեկցվեց Հայաստանում և արտերկրում միջազգային կրթական ծրագրերի ու հնարավորությունների ներկայացումներով: ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղը, բարձր գնահատելով նմանատիպ միջոցառումների իրականացման կարևորությունը, իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց նաև կրթական ցուցահանդեսին:
Մասնաճյուղի տնօրինությունը և պրոֆեսորադասախոսական անձնակազմը շնորհավորում է բոլոր ուսանողներին միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես նաև Աշխեն Մելիքյանին լավագույն ուսանող կոչմանը արժանանալու համար:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոնին և գործընկեր կազմակերպություններին միջոցառումների կազմակերպման և համագործակցության համար: Միջոցառումների նկարներին կարող եք ծանոթնալ հղումով: