«Սինոփսիս Արմենիա»-ն կադրեր է պատրաստելու նաև ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղում
Մարտի 22-ին «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունում կնքվեց եռակողմ հուշագիր, որին ներկա էին «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն, Պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Պոլիտեխնիկի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը և համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, պրոֆեսոր Աշոտ Պապոյանը:
Կարևորելով բարձրագույն կրթության դերը Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում և մասնագիտական ներուժի շարունակական վերապատրաստման անհրաժեշտությունը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ որպես երկրի տնտեսական և գիտատեխնիկական առաջընթացի կարևորագույն բաղադրիչ և հաշվի առնելով կողմերի համատեղ հետաքրքրությունները համագործակցության հաստատման շրջանակներում` «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը և Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղը կնքեցին Հուշագիր: Այն ստորագրեցին Պոլիտեխնիկի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, պրոֆեսոր Աշոտ Պապոյանը և «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության նախագահ Երվանդ Զորյանը։
Կողմերը մտադիր են համագործակցել համալսարան-մասնավոր հատված փոխշահավետ և արդյունավետ կապի ձևավորման, բարձրագույն կրթության ուսումնական ծրագրերի որակի բարելավմանը նպաստող գործընթացներում, ինչպես նաև բուհի և ընկերության անձնակազմի անդամների, ներկայացուցիչների փոխայցելությունների կազմակերպման համատեղ հետաքրքրության ծրագրերի շրջանակներում: Նկարներին կարող եք ծանոթանալ հղումով: