Ստորագրվել է համագործակցության հուշագիր

RECONOMY ծրագրի աջակցությամբ ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում իրականացվելիք «Mini-Industry in T&A» ծրագրով գործարկվելու է տեքստիլի և հագուստի փոքր արտադրություն՝ հիմնված կանաչ արդյունաբերության, կանաչ և էկոմիջավայրի պահպանման գաղափարի վրա: Մասնաճյուղի տնօրենի պ/կ Արթուր Կոստանդյանի և «Ռ. Զաքարյան» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Հովիկ Զաքարյանի ստորագրած համագործակցության հուշագրի համաձայն, կողմերը համատեղ ուժերով կնպաստեն կրթական համակարգի զարգացմանը։

Այս տարի, որոշակի դադարից հետո, վերաբացվելու է «Տեքստիլ և թեթև արդյունաբերության նյութերի և արտադրանքի տեխնոլոգիա» մասնագիտությունը, կազմակերպվելու է ընդունելություն՝ հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով:

Մասնաճյուղը՝ լինելով ՀՀ-ում տեքստիլ արդյունաբերության ոլորտի որակավորված մասնագետներ պատրաստող միակ կրթական հաստատությունը, փոխում է դասավանդման մեթոդները: Հուշագրի շրջանակում ուսանողների համար կստեղծվեն տեսական և գործնական գիտելիքների ամրապնդման լայն հնարավորություններ, արտադրական և նախաավարտական պրակտիկանները կանցկացվեն ձեռնարկությունում։

«Հուշագրով պրակտիկայի անցկացման պատասխանատուն կլինի ընկերության աշխատակից, որը ամբիոնում կունենա իր ուսումնական բեռնվածքը: Այսպիսով՝ ձեռնարկությունը ևս պատասխանատվություն կկրի ուսանողների պրակտիկ գիտելիքների որակի ապահովման համար: Գործընկերներն  առաջարկել են առարկայական ծրագրերում կատարել մասնակի փոփոխություններ՝  ներառելով նոր տեխնոլոգիաների ուսուցումը», -նշել է Գյումրու մասնաճյուղի դրամաշնորհների և մինչբուհական կրթության համակարգող Նաիրա Մանասյանը։

Համագործակցության այս մոդելը յուրահատուկ է նաև այն տեսանկյունից, որ գործատուն կադրեր է պատրաստում ոչ միայն իր արտադրությունում ներգրավելու, այլև ոլորտը զարգացնելու և մրցունակություն ապահովելու նպատակով:

RECONOMY ծրագիրը ֆինանսավորում է «Helvetas Swiss Intercooperation» կազմակերպությունը:

    ​​