ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցի սաների հանդիպումը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատակազմի պատասխանատուների հետ հյուրընկալել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու ավագ դպրոցի սաներին՝ ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանի գլխավորությամբ։

Մարզպետը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք հիմնականում առնչվել են ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի հիմնահարցերին, բարձրագույն կրթություն ստանալուն, Շիրակի մարզի զարգացմանն ու Գյումրի քաղաքի հիմնախնդիրներին։

Մարզպետը լսել է աշակերտների մտահոգություններն ու բարձրացրած խնդիրներին՝ հնարավորությունների սահմաններում լուծում տալու հարցում խոստացել լինել հետևողական։

«Երբ տեսնում եմ, որ մատաղ սերունդն է մտահոգ մարզի հոգսերով, երբ տեսնում եմ, որ դուք փորձում եք ուղիներ գտնել խնդիրների լուծման համար՝ այնքան եմ ոգևորվում և վստահությամբ լցվում, որ մեր ապագան հիանալի մարդկանց ձեռքերում է լինելու։ Մեր երկրին պետք են գիտելիքով, շրջահայացությամբ ու վճռականությամբ լեցուն երիտասարդներ, գիտելիքն ու գիտելիքահեն տնտեսությունը կնպաստեն մեր երկրի զարգացմանը։ Դուք ապագա այն մասնագետներն եք, որոնք պետք է Հայաստանը քայլ-քայլ զարգացնեն ու դարձնեն առավել հզոր ու շեն»,- նշել է Շիրակի մարզպետը։

ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանն ու աշակերտները շնորհակալություն են հայտնել մարզպետին ջերմ ու անմիջական ընդունելության համար։

Մարզպետը հուշանվերներ է փոխանցել հյուրերին՝ խոստանալով, որ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ։