ՀԱՊՀ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ERASMUS+ ՈւՍԱՆՈՂՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՑ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղը շնորհավորում է ԳԻԿ319Բ խմբի ուսանող Ստեփան Խաչատրյանին՝ Erasmus+ ծրագրի շրջանակում Ավստրիայի Մոնտան Լեոբեն համալսարանում 2024թ. գարնանային կիսամյակը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։
Ստեփանը վերադարձել է Հայաստան՝ համալրված ոչ միայն մասնագիտական գիտելիքներով, այլև արժեքավոր փորձով ու հմտություններով, որոնք կարևոր դեր կունենան նրա անձնային և մասնագիտական աճի մեջ։
Erasmus+ ծրագրին մասնակցությունը իմ կյանքի ամենավառ և շրջադարձային փուլերից էր։ Այն ամիսներին, որոնք անցկացրի արտերկրում, ոչ միայն խորացրի մասնագիտական գիտելիքներս, այլև բացահայտեցի Եվրոպան՝ նրա մշակույթով, արժեքներով ու բազմազանությամբ։ Այս ընթացքում ձեռք բերեցի ընկերներ աշխարհի տարբեր ծայրերից՝ Արգենտինայից մինչև Հարավային Կորեա, Բրազիլիայից մինչև Բելգիա, Չինաստանից մինչև Իրան։ Միջմշակութային այս փորձառությունն ընդլայնեց իմ աշխարհայացքը, սերմանեց նոր գաղափարներ ու զարգացրեց ինքնուրույնության հմտություններ։ Վերադարձել եմ Հայաստան՝ համալրված ոչ միայն ակադեմիական գիտելիքով, այլև կյանքի այնպիսի փորձով, որը ձևավորելու է իմ մասնագիտական ուղին ու մարդկային տեսլականը:
Վերադարձից հետո Ստեփան Խաչատրյանը հանդիպել է մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանի և դրամաշնորհների և մինչբուհական կրթության համակարգող Նաիրա մանասյանի հետ, ովքեր շնորհավորել են նրան ծրագրին հաջող մասնակցության և բարձր առաջադիմության համար՝ ընդգծելով միջազգային կրթական փորձի կարևորագույն նշանակությունն ուսանողների բազմակողմանի զարգացման գործում։
Մաղթում ենք Ս․ Խաչատրյանին շարունակական հաջողություններ, ստեղծագործական միտք և նորանոր մասնագիտական նվաճումներ։ Վստահ ենք, որ ձեռք բերած միջազգային փորձը կդառնա ամուր և անփոխարինելի հիմք նրա ապագա կարիերայի կառուցման գործում։



Русский
English