ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ԳԻԿ319Բ ակադեմիական խմբի ուսանողուհի Լարիսա Սարգսյանը հաջողությամբ ավարտել է ուսումը Erasmus+ շարժունության ծրագրով։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղը շնորհավորում է ԳԻԿ319Բ ակադեմիական խմբի ուսանող Լարիսա Սարգսյանին Erasmus+ ուսանողական շարժունության ծրագրի շրջանակում գարնանային կիսամյակի ուսումը Ռումինիայի Սիբիու քաղաքի «Լուչիան Բլագա» համալսարանում հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։ Լարիսան վերադարձել է Հայաստան ոչ միայն նոր գիտելիքներով, այլև հարուստ մասնագիտական փորձով ու բազմաշերտ հմտություններով, որոնք կարևոր դեր կունենան նրա անձնային և մասնագիտական զարգացման ճանապարհին։

«Երբ որոշեցի մասնակցել Erasmus+ ծրագրին և մեկնել Ռումինիա, գիտակցում էի, որ ինձ սպասվում են նոր միջավայր, մշակույթ և կրթական մոտեցումներ։ Չնայած սկզբնական դժվարություններին՝ կարողացա հարմարվել և լիարժեք ներգրավվել ուսումնական գործընթացին։ Վերադառնում եմ Հայաստան՝ հարստացած գիտելիքներով, ինքնուրույնության հմտություններով և բազմամշակութային փորձով։ Այս փորձառությունն անգնահատելի ազդեցություն ունեցավ իմ աշխարհայացքի և մասնագիտական պատկերացումների վրա։ Հատկապես կարևոր եմ համարում տարբեր ազգությունների ուսանողների հետ շփումը, որն օգնեց վերարժևորել մեր ազգային ինքնությունն ու մշակութային ժառանգությունը։ Շնորհակալություն եմ հայտնում ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ղեկավարությանը, իմ դասախոսներին և միջազգային բաժնին՝ ցուցաբերած վստահության և մշտական աջակցության համար», – նշում է Լարիսան։
 

Ուսանողի վերադարձից հետո տեղի է ունեցել հանդիպում մասնաճյուղի տնօրեն՝ դոցենտ Արթուր Կոստանդյանի հետ։ Տնօրենը շնորհավորել է Լարիսային միջազգային կրթական ծրագրին նվիրված մասնակցության, պատասխանատու վերաբերմունքի և բարձր առաջադիմության համար՝ կարևորելով նման ծրագրերի դրական ազդեցությունը ուսանողների համակողմանի զարգացման վրա։ Մաղթում ենք Լարիսային նոր ձեռքբերումներ, մասնագիտական առաջընթաց և շարունակական հաջողություններ։ Վստահ ենք, որ ձեռք բերված միջազգային փորձառությունը մեծ ազդեցություն կունենա նրա ապագա մասնագիտական ուղու ձևավորման վրա։